Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ինչպե՞ս է վերաբերվելու Թուրքիան Ադրբեջանի համագործակցային դիրքորոշմանը ռուս-իրանական տանդեմի նկատմամբ

Ինչպե՞ս է վերաբերվելու Թուրքիան Ադրբեջանի համագործակցային դիրքորոշմանը ռուս-իրանական տանդեմի նկատմամբ
19.09.2024 | 11:45

Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքմանն իր հավանությունն է տվել ՌԴ նախագահ Պուտինը: Անկասկած, մոտ ապագայում այդ պայմանագիրը կկնքվի, և երկու պետությունները կդառնան ստրատեգիական դաշինքով շաղկապված միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ, գլոբալ ռազմական և տնտեսական գործողություններում: ՌԴ-ն և Իրանի Իսլամական հանրապետությունը ցամաքային սահման չունեն, նրանց միմյանց շաղկապող ցամաքային տարածքը Ադրբեջանն է, ջրային կապուղին՝ Կասպից ծովը: Ալիևը ունի կամ ուներ երկու քաղաքական ուղեգիծ՝ շարունակել մնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ դաշինքում, «մեկ ազգ-երկու պետություն» հայեցակարգի համաձայն, կամ ձևական առումով առերես ի ցույց դնելով հավատարմությունը Էրդողանի հանդեպ, դանդաղ, հանդարտ քայլերով թեքվել դեպի ռուս-իրանական դաշինքը և հոժարակամ իր տարածքով և Կասպից ծովի իր բաժնով կապել ստրատեգիական համագործակցության ձևաչափը ընտրած իր երկու հզոր հարևաններին: Պարզ է, որ հմուտ և հեռատես Ալիևը կապող կամրջի դերակատարման համար նորից հսկայական օգուտներ է քաղելու և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում: Այս համատեքստում լրիվ հասկանալի է դառնում Պուտինի այցը Բաքու, Շոյգուի կրկնակի այցերը Թեհրան, նոր իրանական զենքերի մատակարարումները ՌԴ-ին և ռուս-իրանական երկխոսությունը Զանգեզուրի ճանպարհների հարցով: Բայց այստեղ առաջանում է մի մեծ խնդիր, որի լուծումը ես այժմ չեմ պատկերացնում, չունեմ բավարար տեղեկություն, որն, իհարկե, հասանելի է միայն արտաքին քաղաքական ոլորտի գաղտնի ծառայություններին: Ինչպե՞ս է վերաբերվելու նատօյական Թուրքիան իր կրտսեր եղբայր Ադրբեջանի նոր բարյացակամ և համագործակցային քաղաքական դիրքորոշմանը հակարևմտյան և հականատօյական ռուս-իրանական տանդեմի նկատմամբ: Ահա սա բարդ խնդիր է և բացառիկ իր յուրահատկությամբ: Չէ՞ որ Էրդողանի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը ղարաբաղյան հակամարտության մեջ: Ադրբեջանի տնտեսական կարողությունների աղբյուրը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով անցնող նավթագազային խողովակաշարերն են, որոնք հզոր լծակ են արևմտյան և թուրքական ստրատեգների ձեռքին Ալիևի վրա ճնշում գործադրելու համար: Անշուշտ, այս ամենի հետ էր կապված Ռիչարդ Մուրի «դասախոսությունը» Բաքու այցի ժամանակ:

Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական այրերի ուշադրության կենտրոնում պետք է լինեն այս իրողությունները, իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում, ճիշտ պետք է ընտրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարթակը՝ նոր կորուստներից խուսափելու համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ